Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Stratfor-ն ուսումնասիրել է Հայաստանի և այլ երկրների էլեկտրաէներգիայի սակագինն ու միջին աշխատավարձը

Stratfor-ն ուսումնասիրել է Հայաստանի և այլ երկրների էլեկտրաէներգիայի սակագինն ու միջին աշխատավարձը
04.07.2015 | 15:11

Stratfor վերլուծական կենտրոնը աղյուսակ է հրապարակել՝ ներկայացնելով Հայաստանի և աշխարհի երկու տասնյակ երկրների էլեկտրաէներգիայի սակագինն ու միջին աշխատավարձի չափը: Սակագնի տվյալները վերաբերում են 2013-2014 թվականներին։ Աղյուսակը կազմվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության ուսումնասիրությունների հիման վրա:
Հայաստանում մեկ կՎտ.ժամ էլեկտրաէներգիան 7 սենթ է, իսկ միջին աշխատավարձը՝ 471 դոլար: Օրինակ՝ Հարավային Կորեայում էլեկտրաէներգիայի մեկ կՎտ-ի սակագինը 10 սենթ է, բայց միջին աշխատավարձը 2 հազար 903 դոլար է:


Հայաստանին ամենամոտը Մեքսիկան է, որտեղ էլեկտրաէներգիայի մեկ կՎտ-ի գինը 9 սենթ է, բայց միջին աշխատավարձը Հայաստանի համեմատ գրեթե 50 տոկոսով բարձր է և կազմում է 609 դոլար:

Աշխարհի ամենազարգացած երկրներում էլեկտրաէներգիայի մեկ կՎտ-ի գինը միջին հաշվով այնքան էլ բարձր չէ, տատանվում է 20 -25 սենթի սահմաններում։ Եթե Հայաստանում էլեկտրաէներգիայի մեկ կՎտ-ը 7 սենթ է, ԱՄՆ-ում 12 սենթ է, Նորվեգիայում՝ 15, Ֆրանսիայում՝ 19, Ճապոնիայում՝ 24, ամենաթանկը Գերմանիայում է՝ 39 սենթ, Իտալիայում՝ 31 սենթ, Ավստրիայում՝ 27 սենթ, բայց այդ երկրներում միջին աշխատավարձը մի քանի անգամ ավելի բարձր է, օրինակ՝ Ավստրիայում 3 հազար 437 դոլար է, Գերմանիայում՝ 2 հազար 720 դոլար, Իտալիայում՝ 2 հազար 445, Ճապոնիայում՝ 2 հազար 522 դոլար։ Մեծ Բրիտանիայում և Շվեդիայում միջին աշխատավարձը ավելի քան 3 հազար դոլար է, իսկ էլեկտրաէներգիայի մեկ կՎտ-ը 23 սենթ է:
Վերլուծաբանները նշում են, որ Հայաստանում բողոքի ակցիաները սկսվեցին, երբ կառավարությունը որոշեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Չնայած իշխանությունները որոշ զիջումների են գնացել, բայց արդեն երեք շաբաթ շարունակվող շուրջօրյա բողոքի ակցիաները չեն դադարում։
Ամերիկյան վերլուծական կենտրոնը նշում է, որ բողոքի հանրային ակցիաներ Հայաստանում հաճախ են լինում, բայց հեռու են իշխանություններին լուրջ սպառնալիք լինելուց, բացի այդ, ինչը վերլուծաբանները ավելի կարևոր են համարում, չնայած լայնորեն համեմատություններ են անցկացվում ՈՒկրաինայի Եվրամայդանի հետ, Հայաստանի «էլեկտրական» բողոքի ակցիաները Ռուսաստանի շահերին չեն սպառնում: Իսկ Երևանը հնարավոր է՝ հաշվի է առնում ՈՒկրաինայի Եվրամայդանի փորձը և նման սցենարից խուսափելու համար կձգտի սպասել, որ ցույցն ինքն իրեն մարի։ Ըստ Stratfor-ի, ընթացող ցույցերի նշանակությունը ռազմավարական մակարդակի առումով փոքր է, բայց հիշեցնում են, որ իրավիճակը կարող է փոխվել, եթե ցուցարարները կարողանան պահել շարժումը, կամ եթե ոստիկանությունը նորից բռնաճնշումների դիմի, ինչպես հունիսի 23-ին:
«Շարունակվող խախտումները կարող են հանգեցնել ոստիկանների ճնշումներին: Ցուցարարները ևս կարող են որոշել հրաժարվել խաղաղ մեթոդներից», - նշում է Stratfor-ը։
Վերլուծաբաններն ընդգծում են, որ ՈՒկրաինայի Եվրամայդանից հետո Ռուսաստանը զգուշանում է լարվածությունների հնարավորություններից, և հնարավոր է՝ Եվրամայդանի կրկնությունից խուսափելու համար Մոսկվան ակտիվ քայլերի է դիմում Երևանի հանդեպ, ինչպիսին են 200 միլիոն դոլարի ֆինանսավորումը ռուսական զենք ձեռք բերելու համար, Ավետիսյանների ընտանիքին սպանելու մեջ մեղադրվող ռուսաստանցի զինվորի գործը հայկական կողմին հանձնելու որոշումը: Նշվում է, որ այդ հանցագործությունը այս տարվա սկզբին բողոքի մեծ ալիք էր առաջացրել Հայաստանում:
«Մինչ Մոսկվան զգուշանում է, Հայաստանի կառավարությունը սպասելու պատրաստակամություն է ցուցաբերում, նույնիսկ զիջելու՝ սակագնի բարձրացման հարցում, ինչը թույլ կտա խուսափել անկայուն և անկանխատեսելի զարգացումներից, որոնք կարող են տեղի ունենալ ցուցարարների դեմ ուժ կիրառելու դեպքում»,- նշում են վերլուծաբանները:

Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ